Sunday, May 18, 2008

Three Poems with a Pagan theme

Վահագնի ծնունդը
(Մ Խորենացի)

Երկներ երկին և երկիր
Երկներ և ծիրանի ծով.
Երկն ի ծովուն ուներ
Զկարմրիկ եղեգնիկն
Ընդ եղեգան փող: ծուխ ելանէր:
Ընդ եղեգան փող: բոց ելանէր:
Եւ ի բոցոյն պատանեկիկ վազէր:
Նա հուր հեր ունէր:
Ապա թե բոց ունէր մօրուս՝
Եւ աչկունքն էին արեգակունք:


ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Յովհաննէս Յովհանիսեան

Երկնեց երկին և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա´ – մանուկ գեղանի:
Բոց մօրուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին – հրեղեն պսակ,
Եվ աչերն են զոյգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալեացն հրավառ շրթունք:
Վահագն ծնավ, լռեցեք ալի´ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի´կ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժոյգը տակին՝ սլացավ վերև---
Երեսըդ ծածկի´ր համեստ շղարշով,
Տե´ս, ո՞վ է գալիս, և դո´ւ, հո´ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի´ն Մասիս,
Դու էլ խոնարհի´ր, Վահագն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո´վ՝
Ցնծա´, բիւր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկութեան արև Վահագնիդ տեսար:

ՁՕՆ
Դանիէլ Վարուժան

Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք —
Սոսեաց անտառէն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜յ, հին հայրենիք —
Եղեգնեայ գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'յս ելանէր։

Եղեգնեայ գըրչով երգեցի կարօտ.
— Ձեզի ընծա՜յ, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բոյսի մ՚ էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜յ, հէգ պանդուխտներ —
Եղեգնեայ գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելանէր։

Եղեգնեայ գըրչով երգեցի արիւն,
— Ձեզի ընծա՜յ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մէջ իբրև կընիւն...
— Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր —
Եղեգնեայ գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելանէր։

Եղեգնեայ գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜յ , հայր ալեհեր —
Ցամքած աղբիւրէն մեր զայն հոտեցի...
— Քեզի ընծա՜յ, մայր կարևեր —
Եղեգնեայ գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ —
Եղեգնեայ գըրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր։

No comments: