Օ՛, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր: —
Նրանք շա՛տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի և անագորույն: —
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՜ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ, —
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ: —
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ —
Գաղջ՝ շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՜ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՛ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամո՛ւ,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր: —
Ե՜վ սրինգի ձայնով, և՜ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր...
Օ՛, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր: —
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր, —
Եվ բոլո՜րն, են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՜ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու —
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՜ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագո՜ւմն եմ ես սիրում վերին...
Այս բո՜ւյրը մշտահոլով:
Եվ այս ամենը՝ մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ —
Մեր տների փայտյա դարակներում բազմած՝
Ապրում են լո՛ւռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգնեոի՛, գույնի՛ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ-բազմազեղումն այս խոր...
Օ՛ , գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր: —
No comments:
Post a Comment