Հենրիկ Էդոյան։ ՄԻ ՍԻՐՏ ՀԱՐԱՏԵՎ
Նկարի հեղինակ՝ Սամվել Սևադա
Փոքրիկ երկիր` սեղմված
լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
տեսնում քո երազում: Չորացած
կոկորդի մեջ, ամռան
կիզիչ օդում, ընկնում են բառերը
անձայն ու անարձագանք,
ինչպես ծառեր` կտրված
օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր,
որոնց տակ աշխարհը
չունի ոչ մի չափում:
Կարճ ինչպես կյանքի խոստում,
երկար ինչպես քունը մղձավանջային
բառերը չեն հասնում քեզ:
Ի՞նչ երգ ես ուզում լսել
քո հին երազում: Այն, ինչ ունես դու,
մի սիրտ է հարատև,
որ բաց է և արթուն
դեռևս անավարտ քո աղոթքի մեջ:
Հենրիկ Էդոյան, Փողոցի բաժանվող մասում (բանաստեղծություններ) <<Ապոլլոն>> հրատարակչություն Երևան, 2006թ.
No comments:
Post a Comment