Համո Սահյան: ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար։
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից։
Բայց երբ գնացի ես հեռուները,
Ես չմոռացա նոր սիրո բոցում,
Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում։
Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...
Եվ նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք-երբեք չի մոռացվելու։
1954 թ.
No comments:
Post a Comment