Wednesday, January 15, 2014

Եղիշէ Զարենց։ Ծիածանը


1.

Լուսամփոփի պէս աղջիկ՝ Աստուածամօր աչքերով, 
Թոքախտաւոր, թափանցիկ, մարմինի պէս երազի, 
Կապո՛յտ աղջիկ, ակաթի ու կաթի պէս հոգեթով, 
Լուսամփոփի՜ պէս աղջիկ ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, 
Որ չմարի իմ հոգին քո ակաթէ աչքերում. 
Ես ի՞նչ անեմ, որ մնայ ծիածանը երեքգոյն, 
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռում ...

Լուսամփոփի՜ պէս աղջիկ՝ Աստուածամօր աչքերով, 
Թոքախտաւոր, թափանցիկ, մարմինի՜ պէս երազի, 
Կապո՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պէս հոգեթով, 
Լուսամփոփի՜ պէս աղջիկ ...


2.
Երեք գոյն կայ երազային քո երկրում -
Երեք գոյն:
Թափանցիկ են այն գոյները քո երկրում -
Քո հոգում: 

Դու ժպտում ես, քո լուսաւոր աչքերում -
Երեք փայլ. -
Ու բացւում է, կապո՛յտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ: 

Եւ տեսնում եմ դղեակներդ երկնահուպ,
Գմբէթներդ սէգ:
Եւ յիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկաւ երէկ: 

Ու լսում եմ, որ իրիկուայ մշուշում,
Անձրևից յետոյ,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են գոհ: 

Եւ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՜յս երկրիդ վրայ -
Ահա իջել է անապակ ու վճիտ
Մի կապոյտ հիմա: 

Ու տեսնում եմ իրիկնային կապոյտում
Բռնկուած կրկին -
Գմբէթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին...

Եւ երազի պէս պարուրւում է յանկարծ
երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մէջ - միգամած

Իրիկուն...

3.


Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գոյն,
Որ անցան —
Քո՜յր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

No comments: