Wednesday, January 08, 2014

Մկրտիչ Պէշիկթաշլեան։ Մահ Քաջորդւոյն


Դու զո՞վ խնդրես, մայր իմ անուշ .
Ե՛կ, մի՛ դողար , մօտեցի՛ր հոս,
Անլաց աչօք դիտէ՛ զորդիդ
Ուր խր վէրքերն արիւնահոս.
Թրքաց մայրեր թող լան՝ ու դուն
Ուրախ լուրեր տա՛ր ի Զէյթուն:

Ինչպէս երբեմն օրրանիս մէջ 
Կակուղ ձեռքով փայփայելով
Մանկիկ մարմնոյս հանգիստ տայիր
Իբրեւ հրեշտակ նուագելով ,
Զիս հանգչեցուր ի հող ՝ եւ դուն 
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն:

«Նորեկ որդւոյս կենացն արեւ 
Ձեզի համար փայլի, Հայե՛ր».
Այսպէս յայնժամ դու կ'երգէիր՝
Օրօրոցիս նստեալ քովեր.
Անոնց համար շիջաւ՝ եւ դուն 
Ուրախ լուրեր տա՛ր ի Զէյթուն :

Կարմիր կայլակք ցայտին վէրքէս.
Սակայն , մա՛յր իմ, նայէ՛ չորս դին,
Զարիւնըռուշտ Թուրքերըն տե՛ս
Հազարներով փըռուած գետին .
Կերաւ զանոնք սուր մեր ՝ եւ դուն
Ուրախ լուրեր տա՛ր ի Զէյթուն :

Մռընչեցին ինչպէս վիշապ 
Ու մեր վրայ յարձակեցան.
Ո՜վ հայրենիք, ի սուր ի բոց
Քո համար մեր սիրտք վառեցան :
Կարմիր ներկան ձորք մեր ՝ ու դուն
Ուրախ լուրեր տա՛ր ի Զէյթուն :

Ու ծափ զարկին մեր հարց ոսկերք,
Զի չէ մեռած հայոց կըրակ ,
Ու ցնծացին այնչափ զոհեր,
Զի լուծաւ վրէժ յարեան վտակ.
Խնտաց Մասիս, մա՛յր իմ, եւ դուն 
Ուրախ լուրեր տա՛ր ի Զէյթուն :

Վերջին համբոյր տամ քեզ , մա՛յրիկ ,
Հատուցանես զայն սիրուհւոյս .
Վերջին անգամ գրկեմ մեր հող 
Ոյր արդ կ'իջնամ ի ծոցն անլոյս:
Խաչ մը տնկէ վըրաս՝ ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զէյթուն :


No comments: