Վարդերես Գարակէօզեան։ Պճնեմ տողերս մեղր ու շաքարով
Դառը դեղահատը կուլ տուէք սիրով
Click here for the audio clip read by Lola Koundakjian
Սովորեցինք ամէն ինչը
այբուբենն ու քերականը
որ չմնանք անգրագէտ
վարժեցրին գումարումը
հանումի հետ
լինենք ուշիմ՝ խելօք-ճարպիկ
հաշուագէտ
Մշակեցինք համբերատար
ինչպէս ձեւել - ինչպէս կարել
այսպէս յղկել - այսպէս գամել
ցրցամ տալ ու կօշիկ քաշել
կառուցել կամ կամուրջ կապել
առու հանել - հերկել՝ հնձել
դարձանք աշկերտ՝ հմուտ վարպետ
այս եւ այնի մասնագէտ
Քարոզեցին - քանոզում են տասնաբանն էլ
մատիկ-մատիկ՝ տասնապատիկ
դառնալ հլու՝ արդարամիտ
գթասէր ու բարեացամիտ…
Արդ բոլորը սերտել-մարսել
ջրի նման անգիր արել
դարձել մէն մի գայլ ու աղուէս
գրաճանաչ-հաշուենկատ
վարպետորդի շահատակող
արհեստավարժ՝ շահագէտ։
Վարդերես Գարակէօզեան, Արարման հետ, Երեւան 2005
No comments:
Post a Comment