Սիրվարդ Զարեան։ Գահիրէ
Քաղաքը յօրանջում է,
կիսաբաց կոպերը ծուլօրէն թարթում,
հեւաշունչ տնքում,
միջօրէի տապից նիրհում։
Մեռնող ձայներից պոկւում է մի երգ՝
թախծոտ,
մելամաղձոտ,
անցնում շուրջը դատարկ սրճարանների,
թեւերը բացած աղաւնու պէս
վեր բարձրանում,
ուժասպառ անհետանում տանիքների վրայ։
Անդորրութիւն,
լռութիւն,
մրափ։
Անապատից մի զով շունչ է փռւում,
պարուրում,
ուշաբերում,
աղմուկով լցնում փողոցները անհանգիստ,
կամուրջների վրայ նետւում,
շունչ առնում,
Նեղոսից մի շող պոկած կորչում Գիզայի կանաչներում։
Սիրվարդ Զարեան, Նախաստեղծ Ձայներ
Sirvart Zarian, Voix Primordiales, Montréal, 1995
No comments:
Post a Comment