Սիրվարդ Զարեան։ Հայաստան
Զուարթնոցի արծիւը, սիւնի վրայ կանգնած,
խոռոչացած աչքերով նայում է Արարատին։
Դաշտերի հովերը բերում են ողբը այրիների,
խելայեղ կակաչներ, զարնւում քարերին,
արիւն լացում։
Հեռւում,
Սարդարապատի վսեմ ցուլերը գլուխները կախել,
հառաչում։
Անդունդի եզրին,
աչքակապ պատանին,
թեւերը պարզած ուզում է թռչել…
Երկինքը խաւար է փռել, ասուպներ չկան։
Սաթէ վիհերում
երկար շուքեր արծաթ բռունցքներով
թակում են դռները սգաւոր մայրերի,
աստեղային փողերով հերոսներին կանչում։
Ոտաբոբիկ աղջիկներ,
հրավառ ջահեր բռնած,
անցնում են ժամանակի միջից,
եւ, անդրաշխարհի ոգիներից,
համակենտրոն այս երկրին,
բերում պատգամ լուսաւոր։
No comments:
Post a Comment