Saturday, August 04, 2007

Artsvi Bakhchinyan: Yerevan Ladies/ԵՐԵՎԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Click on the link to hear ԵՐԵՎԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ/Yerevan Ladies read by the author, Artsvi Bakhchinyan.

Երևանի աղջիկները
անհամեմատ լավն են Երևանի տղաներից՝
գույնով, բույրով, լեզվով, ուղեղածալքերով,
առաջադիմությամբ ու հետադիմությամբ:
Երևանի աղջիկները
տարածաշրջանում առաջինը շալվար հագան
խորհրդային կարմրաշեկ ժամանակներում՝
մոտ հարևանների աչքին գցելով,
իսկ հեռուների աչքին՝ բարձրացնելով
քաղաքի պատիվը:
Երևանի աղջիկների պաչիկները
անուշիկ են նույնքան, որքան աշխարհի բոլոր աղջիկներինը,
բայց երևանցի երգիչը բնականաբար
սուբյեկտիվորեն նրանց սիրունիկ աչիկների գովքն է անում:
Երևանի աղջիկների մեծ մասը
պատկանում է "ծիտ" և "թիթեռ" կատեգորիային,
սակայն նրանց մեջ քիչ չեն
կաղամբաթիթեռներն ու ցեցաթիթեռները,
որոնց ցերեկային արդուզարդը չի տարբերվում գիշերայինից:
Երևանի աղջիկները
արևածաղկի սերմ, դդմի կորիզ և օտար լեզուներ են չրթում
և հրեղեն ինքնաթիռով ժամանած
գեղագանգուր, խարտիշագեղ ու թիկնավետ
արտասահմանցի փեսացու են երազում:
Երևանի աղջիկները մասնակցում են զանազան
"Միսս ֆլան" և "Միսս ֆստան" բազմառանգ մրցույթների,
աշխատում են օֆիսներում և ծխելով ավտո են քշում,
երդվում են բջջային հեռախոսի արևով,
դեռ պատվից ցածր չեն համարում տորթ թխելը,
մարտինի են խմում, տժժում-ցքցքում դիսկոներում,
թռչում են անդրօվկիանոսյան հովերով,
բայց ամուսնանալիս շատերը դեռ շահում-պահում են
կարմիր խնձորի սուրբ ադաթը
և հանդուրժում ընտրյալի դավաճանությունները,
և պաշտպանվելու տարրական գիտելիքներից զուրկ՝
երբեմն ընկնում են ետաբորտյան թախծի մեջ
(տես Վիոլետ Գրիգորյան, համապատասխան քերթված):
Երևանի աղջիկները
հայ աղջիկ հասկացության ամենացցուն նմուշներն են
և սեռակից շառավիղները
(ուզեն թե չուզեն, գիտակցեն թե չգիտակցեն)
Էրատո, Փառանձեմ, Զապել թագուհիների,
Սանդուխտ կույսի և Մամախաթունի,
Սահակդուխտի ու Խոսրովիդուխտի,
Սրբուհի Տյուսաբի, Մարիամ Թումանյանի, Սիրանույշի,
Շահանե-օ-դու-իմ-Շահանեի…
և միաժամանակ հեռավոր քույրերը
Իրինա Ալլեգրովայի, Շերի
և պոռնոաստղ Քրիսթի Քենյոնի:
Երևանի աղջիկները
քաղաքի դեմքն են՝
տաք, մի քիչ պրտված, հպարտ և միշտ կանչող:


Copyright Artsvi Bakhchinyan 2005. Used here by kind permission of the author.

1 comment:

nkaramya said...

հրաշալի - ուժեղ - իրական: