Wednesday, March 31, 2010

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ: Օգոստոս

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ...
...Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում...





XX Դարի Հայ Պոէզիա, կացմեց Զավն Ավետիսյանը, ՀԳՄ Հրատ. (2005)

No comments: