ԼԵՒՈՆ ԱՆԱՆՅԱՆ: ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ
Կանգնած, դրախտի տեղ,
կալվածքներում փշի՝
Կարկատում եմ մռայլ
ծվենները հուշիս։
Իմ կուսական անտառ,
իմ կուսաթափ անտառ,
Ի՛նչ սեւ ձեռք է թողել
քեզ թլվատ ու անծառ։
Ի՛նչ սամում է անցել,
ի՛նչ կացնահար խորշակ,
Քանի՜ ճյուղ է զոհվել
անսիրտ սղոցի տակ։
Ոգիները կաղնու
թափառում են անճար,
Քաջքերը պար են բռնել
խենեշ ու մոլագար։
Թիթեռը ու՞ր իջնի, –
գոնե անկյուն մի զով, –
Առուն շունչն է փչում
օձի թունոտ լեզվով։
Բնությունը թոշնում,
լքում է մեզ հավետ,
Պոեզիան է մեռնում
վերջին լորենու հետ։
Փերեզակներ անկուշտ,
հերի՛ք լափեք դուք զեխ, –
Չորս տախտակն է ձերը,
ժանգոտ մի քանի մեխ։
No comments:
Post a Comment