Հատուած Վիպերգէն
ԵՕԹԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀԵւ քարաւանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարպասների մօտ ծունկ իջաւ յոգնած…
Հորիզոնները հրդեհւում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հաւաքում էր քղանցքը թաւշեայ, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:
Եւ Աբու-Լալան նստեց մենաւոր` յակինթեայ ժայռին գլուխը յենած.
Հայեացքը սուզած դիւթական հեռուն, եւ հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:
-Ո՛հ, ի՜նչ ազատ եմ, անպարփակ ազատ, միթէ կարո՞ղ է այս մեծ Սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մէջ ազատութիւնըս` անհուն, անսահման:
Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ.
Ո՜վ ազատութիւն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղէն բուրմունք:
Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ, վառի՛ր իմ հոգում ջահերդ հուրհրան.
Ո՛վ ազատութիւն, դու դրախտային լոյս-բլբուլների անմահ Ալ-Կորան:
Չքնաղ առապար, դու իմաստութեան ոսկեղէն աշխարհ, հազար ողջոյն քեզ,
Անարատ բադիէ, ուր մարդը մարդուն չի լլկել բնաւ, յար օրհնեալ լինես:
Տարածուի՛ր, անծիր, փռի՛ր աւազիդ դեղին ծովերը ազգերի վրայ,
Ծածկիր ողջ մարդկանց քէօշք ու խրճիթներ, գիւղ ու շահաստան, շուկայ ու կլայ:
Վիշապ հողմիդ հետ ազատութիւնը թող գահակալէ աշխարհը հանուր,
Եւ ոսկեվառէ վսեմ արեւը` ազատութիւնը աշխարհասփիւռ:
Հազար ու հազար հրաշալիքներով եւ հրաբորբոք հրապոյրներով
Շէմս-արեւն ելաւ` շքեղ լուսավառ, վարդքի, սնդուսի բիւր պարոյրներով:
Եւ վեհ արեւի ջահերի ներքոյ փռուեց, ծաւալուեց ծիրն անապատի,
Վառ-վառ հուրհրաց, ինչպէս տիտանեան հսկայ առիւծի ոսկեփառ մորթի:
-Սալա՛մ, քեզ, արե՛ւ, շիւքըդ բիւրաբիւր, դու Աստծուց հզօր, դու կեանքի աղբիւր,
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:
Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման եւ երանութեան,
Դու հրճուանքի, հրապոյրների հրեղէն գինու դու անհուն ովկիան:
Տիեզերական հազարահանդէս դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
Ահա իմ հոգին – մի ծարաւ բողբոջ, թափի՛ր նրա մէջ գինիդ անապակ:
Քո երջանկութեամբ, քո իմաստութեամբ, քո յաւերժութեամբ հարբեցրու ինձ,
Տո՛ւր ինձ անցեալի անզարթ մոռացում, լոյս անուրջներում քո բուրումնալից:
Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ, քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ յաւերժ չարիքն ու թախիծ:
Քո վսեմութեամբ հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ լոյս-հիացքներով,
Խաւալների դէմ անյաղթ-ախոյեան, գարունների մայր, ուրախութեան ծով:
Դու միակ բարի, դու միակ իմ սէր, դու միայն սո՛ւրբ, սուրբ, մայրակա՛ն դու գիրկ,
Դու յաւէտ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:
Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրայ, եւ գուրգուրիր ինձ:
Եւ արիւնոտիր իմ շրթունքները համբոյրիդ խայթով քո հրդեհակէզ,
Երջանկասփիւռ քո լոյս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դէպ քեզ:
Եւ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ յաւէտ,
Յաւէտ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:
Դէպի արեւը դարեր ու դարեր, թռի՛ր, սլացի՛ր, ազնիւ քարաւան,
Նրա լուսեղէն, բոցեղէն գրկում, որ արեւանամ եւ յաւերժանամ:
Ո՛հ, իմ մայր-արեւ, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս,
Որ ես յաղթական, լոյս փառքերիդ մէջ սրարբած սուրամ դէպի, դէպի քեզ:
Դու Աստծուց հզօր, դու միակ իմ սէր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛րբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ…
Աւետիք Իսահակեան