Sunday, March 06, 2011

Սարգիս Ք. Խաչերեան: հաւասար


աշխարհիս մէջ
երկու բան կայ հաւասար
դուն ու բառը

երբ դուն կշռես բառէն սուղ
այն ժամանակ ծ
                           անրութեանդ տակ                                
պիտի ընկճուի բառը
պիտի փշրուի ու ոչնչանայ

իսկ երբ բառը ըլլայ քեզմէ սուղ
այն ժամանակ
պիտի կորսուիս դուն բառին մէջ
ու չգանաս

մինչ ես
փրկելու համար թէ քեզ թէ բառը
դուն ու բառը պէտք է ըլլաք     
հաւասար




Սարգիս Ք. Խաչերեան
«ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   անտիպ 

Saturday, March 05, 2011

Սարգիս Ք. Խաչերեան: ես բանաստեղծ եմ


ես
ձեր անցած ուղիներէն չեմ անցնիր
նոր ուղի մը կը բանամ

առաստաղը մերժող սենեակ մըն եմ ես

կրիայի մը աչքերով չեմ դիտեր ժամանակը

սեւ օրէնքներուն
մութ հ                                ռափն եմ ես
            ո                          ա
               սանքներուն թ

գիտցէք
թէ փոքրամասնիկ մը չեմ ես
ես բանաստեղծ եմ
բառերը ինծմէ իմաստ կը մուրան



Սարգիս Ք. Խաչերեան
«ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   անտիպ 


Friday, March 04, 2011

Սարգիս Ք. Խաչերեան: փախուստ


այս օրերուս
ո՞րն է պատահելիք ամենավատ արկածը
հիւլէական ռումբի մը պայթումը
արեւային յաւիտենական խաւարումը
թէ կէս գիշերին
բանաստեղծի մը միտքէն
բառին փ ա  խ   ո    ւ     ս      տ  տալը

կնոջս հարցուցէք









Սարգիս Ք. Խաչերեան
«ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   անտիպ 

Thursday, March 03, 2011

Սարգիս Ք. Խաչերեան: ձերբակալութիւն


գիշերով եկան
բառը ձերբակալեցին

մինչ բառը խայծ մըն էր լոկ

իսկ խայծին մեղքն ի՞նչ է
երբ բանաստեղծը ինքը
անձնասպան կ'ըլլայ
կ
ա
ր      ին  վրայ
    թ




Սարգիս Ք. Խաչերեան
«ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   անտիպ 

Wednesday, March 02, 2011

Սարգիս Ք. Խաչերեան: հպում



բառը
հպաւ
քարին
ու
ես
դ
   ա
        ր
     ձ
  ա
յ
բանաստեղծ







Սարգիս Ք. Խաչերեան
«ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   անտիպ 

Tuesday, March 01, 2011

Սարգիս Ք. Խաչերեան



Ծնած է Հալէպ 1974-ին։

Շրջանաւարտ Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնկեան Վարժարանէն։
Աշխատակցած է «Գանձասար»,«Շիրակ»,«Կամար» ու «ԵՐԹ» տարեգիրքին։
Մաս կը կազմէ Սուրիահայ Գրողներու Համախմբումին։
Հեղինակ «ԼՈՅՍՆ Ի ՎԵՐ» բանաստեղծութեան հատորեակին տպուած 2006։



Հայ Բանաստեղծութեան Համացանցը այս շաբաթ կը ներկայացնէ մի քանի կտորներ Սարգիս Ք. Խաչերեան-ի անտիպ «ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   հաւագածոյէն։

Սարգիս Ք. Խաչերեան: մուտք



ինչպէ՞ս սանցել
բառը յ ա  ն   դ    ո     ւ      գ       ն
երբ մուտք գործէ
էջին խաթարուած տրամադրութենէն ներս

այստեղ բանաստեղծ ըլլալը
ոչ մէկ նշանակութիւն ունի





Սարգիս Ք. Խաչերեան
«ԵՐԳԵՐ ՈՍԿԵԼԱՐ ՔՆԱՐԻՍ»   անտիպ 

Monday, February 28, 2011

Quote for the Month of February

Ոմանց քով
անձը ու տանձը
շատ տարբեր չեն իրարմէ

Անձ է թէ տանձ
յայտնի կ'ըլլայ
իր կեղծամէն
ու համէն 

Զահրատ։ Տանձի Համ



ԶԱՀՐԱՏ 
ԴԴՈՒՄԻ ՀԱՄ (Բանաստեղծութիւններ), Արաս Հրատարակչութիւն, 2009 Ստամպուլ

Sunday, February 27, 2011

Կոմիտաս։ Ճանապարհ

Click here for Komitas' poem The Path, read here by Narine Karamyan.


Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կեանքի ծառը շողալով
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բոյսի, գազանի
Եւ թևաւոր թռչունի




THE PATH
The narrow path crawling,
Shivering underneath the feet,
At the end of which
The Tree of Life has grown, shimmering...
What a big heart it has
This road to Eternity
This path for people, plants and beasts alike,
This path of winged birds...


translated by Mher Karakashian

Saturday, February 26, 2011

Համաստեղ: Յոյսն Անստոյգ Գալիքին


Մեծցայ, մեծցայ որբի պէս, ձեռքիս տեղ սիրտս բացի.
Սիրտս ամենուն բաշխեցի ու նորէն որբ մնացի:
Հաւատացի ամենուն սիրով, ժպիտով մը անհուն:
Նորէն մինակ մնացի, նորէն մինակս լացի:

Ներսը ծնծղայ, ներսը պար, ներսը միշտ երգ ու կիթառ,
Չմօտեցայ դռներուն, լուռ հիացայ ու անցայ:
Լռութեան մէջ մութ ու խոր մտիկ ըրի միալար
Անձրևին, որ անդադար մարմինիս մէջ կը տեղար:

Մտիկ ըրի յուշերուս մահուան տխուր քայլերգին,
Ուր դագաղի մը ետև, որպէս թեթև լոյսի թև,
Յոյսն էր մոլար, որ կուլար, ձեռքին բռնած լար – քնար:
Յոյսը վաղուան արևին, յոյսն անստոյգ գալիքին:

                                                           

Friday, February 25, 2011

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: ՁՈՆ ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅԱՆ


Արեգակները շառաչում են վար,
Խորտակում իրենց նոր անուջներում,
Մի քիչ ցնորվա՜ծ, մի քիչ խելագա՜ր`
Լույսի հատակից կարոտ են հանում:

Արեգակները ընկնում են ներքև,
Դառնում քնարներ սիրո հարության,
Խառնելով իրենց ցնորքին թեթև`
Ի լույս դողերի սրտիս տխրության:

Արեգակները երգ են պարտության,
Իսկ սերն առավել պարտվել է սիրում,
Արեգակները ապրել չեն սիրում
Հաղթանակներում փառասիրության:

Արեգակները շառաչում են վար,
Այրվող ձյուները անբառ կլանում,
Սերը խառնելով խնդության երգին`
Կարոտի թևով առավոտ բերում:

Դե’, պայթի’ր, սի՜րտ իմ քո խոսքով բոսոր,
Լուծվի’ր, խառնվի’ր արեգակներին
Ու շառաչի’ր վար պարտվողի նման,
Հաղթել տրված չէ խելահեղներին:

19.10.10

Thursday, February 24, 2011

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ:ԵՍ ԱՅՆՏԵՂ ՉԿԱՄ


Ես փակված տուփի բացված այն փեղկն եմ,
Որ մութ այդ տուփին լույսի պարանով
Իջեցնում է վար կապույտները վառ
Ցերեկ-Աշխարհի:
Եվ այդ հարահոս իրականության
Տրոփն ինձ համար խո~ւլ, անիրակա~ն,
Աշխարհ-պարոնի հոգնությունն է միշտ`
Բայց սա ինձ համար:

Երբ չէի ելել ես էլ դեռ երեկ
Փակված մթության տարածումներից,
Միայնության խուփ վարկածով փակված`
Չերազեցի ճառագում վերից:
Եվ հիմա ինչո՞ւ ճոպան եմ դարձել
Մթում ապրողին վեր խոյանալու:

Շողերն անցյալի հորիզոնական,
Լուռ ու անաղմուկ, ինձնից անհաղորդ,
Թողնված հեռու որոնում են դեռ
Ինձ միայնության անճիգ երազում`
Իսկ ես... Էլ չկամ:
29.08.10

Wednesday, February 23, 2011

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ: ԱՐԵՎԻ ԱՓԻ ԱՂՋԻԿԸ


Արևի ափին նա զույգ ձեռքերով
Ծովեր նկարեց:
Շողի թելերով երիզեց այնտեղ
Կապույտ ավազի ճերմակ աչքերի
Արտասուքը պաղ:
Հավերժ խելագար` Արևի նման,
Բոբիկ ոտքերով հպվեց ավազին,
Ձեռքերը անլուռ ջրվեժներ դարձան,
Վարսերը փռեց լույսի երեսին,
Որ իբրև դառնան հավերժակամար,
Սիրո ծիածան...
Որքան հեռացավ ինքը իրենից,
Այնքան Արևը երեսը թեքեց,
Արևի ափից նա նույն ձեռքերով
Երազանքերի կապոցը անձայն
Իջեցրեց կապույտ, խռով ջրերի
Գիրկն անվերադարձ:
Հետո նկարած ծովերից ելավ,
Ու դեմքը նետեց նրանց հայելուն,
Իսկ նրանք արդեն երազանքներից
Իրենց գոհացումն էին զվարթ վայելում:
Նայեց Արևին` ո՛չ վերջին անգամ,
Արևը նրան մի նոր դեմք տվեց,
Շրջվեց, հեռացավ` կարոտը թողած
Արևի պապա~կ, անծո~վ աչքերում,
Որպես հավատի ու հավերժության
Ինքնագիր... Անդարձ:
22.06.10

Tuesday, February 22, 2011

Կարօ Արմենեան: ԱՅՐԵՑԵԱԼ ԳՕՏԻ

Արեւը մտեր է բոլոր ճեղքերէն ներս
մերժելով
              
                       բոլոր պատուարները
        
եւ բացուած յայտարարելով
 առտուան այս շռընդալից
                                     
                                          տօնահանդէսը


անգամ մը եւս պիտի ապրինք այս երկնքին տակ
    եւ խմենք այս անուրջը իր հրեղէն կաթիլներով
անապատային արեւը իր անխոնջ սէրը ունի
ան իր տաք շրթունքները կը քսէ հողին եւ կ՛ապրի
          իր հրաշալի յաւիտենութիւնը
                             այս անկողնին մէջ


արեւը երանգներ չունի
ան սրբած է երանգները եւ հալեցուցած ամէն գրգիռ
   եւ իր արգանդէն դուրս բերած է լոյսի այս ծովը





Քաղաքը կպած է երկրին եւ ընդունած իր ժամանակաւոր
          գոյութիւնը առանց դոյզն հարցուփորձի
ան փակած է իր պատուհանները եւ կ՛ապրի շուքի մէջ
քաղաքը գծած է ճանապարհներ եւ շարած է իր տուները եւ ճամբայ
        հանած է իր մարդերը դէպի նախատեսուած վայրեր
ան ունի իր յաւուր պատշաճի ժպիտը իր յոգնատանջ դէմքին
        
             եւ գիտէ բառերը այս կրկնուող երգին



քաղաքը ունի տարուբերող եզրեր
ան իր աննինջ գիշերներն ունի
             եւ պարտասած առտուն
ան իր անկշտում շրթունքներն ունի

  եւ ծխող խմող

նախանձող ու բիրտ
                                          երազամոլի

զգայախաբուող իր տենչերն ունի


ան իր շահամոլ գրգիռներն ունի կեանքի այս կէսին

յաւերժ անօթի
եւ անօթեւան          

                                   իր ինքնութիւնը


  

բայց նաեւ ունի
իր ինքնամոռաց ուրախութիւնը
օրուան այս ժամուն

թէժ ու բոցեղէն այս սաւանին տակ
ան իր համարձակ
              ազդրերը ունի եւ իր քրքչուն
                                  անփութութիւնը

ան իր խմորուող եւ եռեւեփուն կուրծքերը ունի
եւ խոպոպները
                                օդին մէջ ճօճուող
           
             երկնքէն ծորող տաքուկ սէրերը
                 կէսօրուան շուքին


ինքզինքը մոռցող անկուշտ արեւ մը
որ պինդ կը փարի
զոր ինք կը սիրէ
խանդաբորբ սիրով
զոր կը ներծծէ
անյագ մոլուցքով
մատներն իր խրած
իր կոյր զենիթին
եւ յանձնած ինքզինք

այս գերերկրեայ                           
                          
                    
                    սիրաբանութեան






Քաղաքը ունի փորձութեան րոպէն
կ՛ուզէ հաւատալ
նորէն ու նորէն            
մտնել խաղին մէջ
անջատուիլ կեանքէն
արբենալ կեանքով
ու տրուիլ կեանքին ոչ տոկոսային

վերջ տալ
կրկնութեան

    յանկերգին այս սին
                        


                         ամուլ կարօտին

այս շռայլաբան


եւ օրուան խայթող
տեսիլքէն զարհուր


իրիկուան սեմին
                      

քաղաքն այս տոչոր
կ՛ուզէ կոխկռտել
բանականութեան
պտղունցն իր վերջին

ու վերջին փողով



քաղաքն այս կ՛ուզէ
խաբել նորզնոր
բախտն իր անոպայ
կեանքն իր անցաւոր

                                 



Գիշերն է նորէն
որ իր քմայքոտ երազանքներով
այսպէս կը լռէ
       
                                       
              երբ վերջին փողերախումբը

կանգ առնէ
իսպառ

    եւ մեկնի բեմէն

վերջին  ծաղրածուն

                         

                   եւ անապատի զեփիւռն այս քնքոյշ

թեւերն իր
             փռէ

գգուէ գթութեամբ

մայրութեամբ գգուէ

յետին ասունն

                  ու անասունն այս քաղաքին



հարցումներ մի հարցնէք
մի քրքրէք խորքերը այս վէրքին
մի փնտռէք պատասխանատուն
              եւ պատճառը
եւ մանաւանդ զգոյշ կոխեցէք


քաղաքը իր հիասթափութիւններն է որ կուլ կու տայ
                                                 այս ուշ ժամուն

երբ այլեւս չկայ արեւը
եւ թանձր խաւարն է որ կը ծածկէ

                                           մեր  անխոստովանելի ամօթը       


Կարօ Արմենեան
Նեւատա


Monday, February 21, 2011

Alan Semerdjian reading in New York City

Saturday, February 26th, 2011


5:00 to 7:00 PM



Poetry Reading at Smalls Jazz
183 West 10th at 7th Avenue
New York New York 10014
(212) 929.7565

The Smalls Poetry Feature series is hosted by poet Lee Kostrinsky
The guest readers will be Sarah Sarai and Alan Semerdjian

Sunday, February 20, 2011

Նուէր Սիլահլը Տատուրեան։ ՍԷՐԸ ՄԵՐ


Քով քովի եւ ուս ուսի
Պիտի երթանք ո՜վ գիտէ ուր
Բացի ծովու ուլականջներէն
Լուր պիտի չտանք ոչ ոքի—
Ու մեր սէրը շալկած
Պիտի հեռանանք
Բայց պիտի
Ուլականջները մամուռներուն
Մամուչները ձուկերուն
Ձուկերը ալիքներուն
Ալիքները ամպերուն
Ամպերը ձկնորսներուն
Ձկնորսները իրենց կիներուն
Մեր գաղտնիքը ‘ս’սան
Ու ամբողջ աշխարհ
Պիտի խօսի— սէրը մեր...

Նուէր Սիլահլը Տատուրեան, յունիս 1992. Նոր Սան Թիւ 11

Saturday, February 19, 2011

Նուէր Սիլահլը Տատուրեան։ ՀՈԳ Մ՚ԸՆԵՐ


Եթէ լսէր թէ
Ես պզտիկ աղջիկ մըն եմ դեռ—
Կը խնդար հաւանաբար.

Բայց հոգ մ՛ըներ—
Լուր պիտի չ՛ունենայ.
Քանի որ ինք
Դեռ չէ անդրադարձած թէ
Ականջներ ունի...


Նուէր Սիլահլը Տատուրեան, յուլիս 1992 [անտիպ]

Friday, February 18, 2011

Նուէր Սիլահլը Տատուրեան։ ԼՈՒԱՑՔ


Նոր լուացուած զգեստներ
Կախուած են չուանի վրայ
Կաթիլ կաթիլ ջուրեր
Նման շիթ շիթ արձունքներու
Կը վազեն այտերն ի վար գոյներուն...
Կանանչ պլուզը
Պզտիկ ճնճղուկ մը կը կանչէ իր քով
Ինքզինքը ծառ կարծելով.
Իսկ վարդի նման փէշը կարմիր
Շուրջը մեղուներ
Օճարի հրապուրիչ բոյր կ՚արձակէ
Կապոյտ տաբատը կը կորսուի
Երկինքին մէջ, անտեսանելի կը դառնայ.
Ու դեղին գուլպաներ
Իրենք զիրենք արեւի նմանցնելով
Կը ճառագայթեն, փափուկ տաքութեամբ.
Ատեն կ՚անցնի
Բոլորը կը չորնան, թաշկինակէն զատ
Ան մելամաղձոտ
Շիթ, շիթ արցունքներ այտերն ի վար...


Նուէր Սիլահլը Տատուրեան
ՆՈՐ ՍԱՆ, Թիւ 2, 1991